ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի առաքելությունը և մանդատը

28 ՄԱԲՀ գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհին

ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալություն է, որը սատարում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի` առողջ կյանք վարելու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում`աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի:

ՄԱԲՀ-ն իր աշխատանքները մեկնարկել է 1969 թ.-ին: Ներկայում, Նյու Յորքում գտնվող իր կենտրոնակայանից և 129 գրասենյակ ներառող համաշխարհային ցանցից, ՄԱԲՀ-ն աջակցում է 155 երկրի, տարածքի ու շրջանի զարգացման առաջնահերթություններին: ՄԱԲՀ-ն հանդիսանում է զարգացող երկրներին բնակչության հարցերով ցուցաբերվող օգնության աշխարհի ամենախոշոր բազմակողմ աղբյուրը: Դոնոր երկրներից զարգացող երկրներին այդ նպատակով հատկացվող ամբողջ օգնության մոտ մեկ քառորդը տեղ է հասցվում ՄԱԲՀ-ի միջոցով: ՄԱԲՀ-ն նաև տվյալների հավաքագրման և բնակչության վերլուծության գծով առաջատար գործակալություն է:

ՄԱԲՀ-ի մանդատն է.(1) ձևավորել բնակչության և ընտանիքի պլանավորման կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները. (2) թե´ զարգացած, թե´ զարգացող երկրներում խթանել իրազեկությունը բնակչության հիմնախնդիրների և այդ հիմնախնդիրներով զբաղվելու հնարավոր ռազմավարությունների վերաբերյալ. (3) աջակցել բնակչության հիմնախնդիրների լուծմանն այնպիսի եղանակներով և միջոցներով, որոնք լավագույնս են համապատասխանում տվյալ երկրի կարիքներին. (4) Միավորված ազգերի կազմակերպության համակարգում առաջատար դեր ստանձնել բնակչությանն առնչվող ծրագրերի խթանման հարցում և համակարգել Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄՀ) (Կահիրե, 1994 թ.) շրջանակներում 179 երկրների կառավարությունների կողմից ընդունված «Գործողությունների ծրագիրը», ԲԶՄՀ վերանայման արդյունքում ավելացված կետերի հետ միասին, օգնում են գնահատել ՄԱԿ-ի անդամ բոլոր 192 երկրների համաձայնությանն արժանացած Հազարամյակի զարգացման ութ նպատակների իրագործումը: ՄԱԲՀ-ն ուղղակիորեն առնչվում է Հազարամյակի զարգացման հինգ նպատակների` հատկապես նպատակ 5-ի (մայրական առողջության բարելավում) և նպատակ 3-ի (օժանդակություն գենդերային հավասարությանը և կանանց լիազորությունների ընդլայնում) իրականացմանը` միևնույն ժամանակ անուղղակիորեն աջակցելով երկրներին բոլոր ութ նպատակներին հասնելու գործում: Զարգացման այս երկու միմյանց ամրացնող հենակետերն են ուղղորդում ՄԱԲՀ-ին` մարդկանց կյանքը բարելավելու, վերարտադրողական առողջությանն ու իրավունքներին սատար կանգնելու և գենդերային հավասարությունը տարածելու գործում: