Ընտանիքի պլանավորում

Յուրաքանչյուր տարի հղիացող մոտ 190 միլիոն կանանցից ավելի քան 50 միլիոնն աբորտ է անում: Դրանցից շատերն արվում են գաղտնի և արտահիվանդանոցային պայմաններում, ինչը հանգեցնում է ծանրագույն հետևանքների: Ամեն տարի աշխարհում մոտ 74,000 կին է մահանում արտահիվանդանոցային պայմաններում իրականացված աբորտների արդյունքում:

61 Առնվազն 200 միլիոն կանայք ցանկանում են ընտանիքի պլանավորման անվտանգ և արդյունավետ մեթոդներ օգտագործել, սակայն չեն կարող այդ անել համապատասխան տեղեկություններից և ծառայություններից օգտվելու հնարավորություն կամ իրենց ամուսինների և համայնքների աջակցությունը չունենալու պատճառով:

Միջազգային հանրությունը եկել է այն համաձայնության, որ վերարտադրության առումով ընտրություն կատարելը մարդու հիմնական իրավունքներից մեկն է: Սակայն առանց համապատասխան տեղեկություններից և բարձրորակ բուժծառայություններից օգտվելու հնարավորության, այն իրականացնել հնարավոր չէ:

Հիմնվելով կահիրյան «Գործողությունների ծրագրի» 8.25 պարբերության վրա, ՄԱԲՀ-ն որպես ընտանիքի պլանավորման մեթոդ չի սատարում հղիության արհեստական ընդհատումը: Այն առաջին հերթին սատարում և նախապատվություն է տալիս ընտանիքի կամավոր պլանավորմանը՝ անցանկալի հղիությունները կանխելու նպատակով, որպեսզի վերացվի աբորտի դիմելու գործելակերպը:

ՄԱԲՀ-ն սատարում է կառավարություններին` օգնելով նրանց հզորացնել իրենց ազգային առողջապահական համակարգերը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ կերպով զբաղվել արտահիվանդանոցային աբորտների հետևանքով առաջացած բարդություններով՝ դրանով փրկելով կանանց կյանքը:


Հայաստանում

Հայաստանում գրեթե ամեն երկրորդ հղիությունն ընդհատվում է արհեստական ճանապարհով: Հայ կանայք իրենց կյանքի ընթացքում իրականացնում են միջինը 2 աբորտ: Հատկապես արտահիվանդանոցային պայմաններում կատարված աբորտները կարող են հանգեցնել ծանր հետևանքների՝ չբերության, հաշմանդամության, մահվան: Սա այն պարագայում, երբ այդ ամենից հնարավոր է խուսափել ընդամենը բեղմնականխիչների գրագետ գործածությամբ:

Այդ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով, ՄԱԲՀ-ն օգնել է Հայաստանում ստեղծել ընտանիքի պլանավորման 75 կետեր, որոնք բնակչությանն անվճար տրամադրում են բժշկական խորհրդատվություն և ժամանակակից բեղմնականխիչ միջոցներ: Արդյունքում, բեղմնականխիչների տարարծվածության ցուցանիշը 1%-ից (1994 թ.) աճել է մինչև 27% (2010 թ.):

Ավելին, 2000 թ.-ից ի վեր Հայաստանում աբորտից մայրական մահ չի գրանցվել:


Ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, (նախնական զեկույց) Հայաստան, 2010 թ., (անգ.)

ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության արդյունքների վերլուծություն, 2009

Անպտուղ ամուսնության տարածվածության և պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն, 2009

Երիտասարդ մարդկանց սեռական և վերարտադրողական առողջությունը Հայաստանում, 2009