Հաճախ տրվող հարցեր

Ո՞րն է ՄԱԲՀ նպատակը

ՄԱԲՀ-ն առաջ է մղում յուրաքանչյուր անհատի՝ իր հնարավորինս լիարժեք ներուժի չափով զարգանալու իրավունքը: Այս իրավունքն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր մարդիկ՝ թե՛ տղամարդիկ, թե՛ հատկապես կանայք, հնարավորություն ունենան օգտվելու վերարտադրողական առողջությանը վերաբերող տեղեկություններից և ծառայություններից՝ ներառյալ ընտանիքի պլանավորմանը և սեռական առողջությանը վերաբերող, որպեսզի ունակ լինեն սեփական կամքով ընտրություն և որոշումներ կայացնել: Ինչպես նշված է ՄԱԲՀ առաքելության սահմանման մեջ՝ «ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի»:

Ո՞րն է ՄԱԲՀ մանդատը

ՄԱԲՀ-ի մանդատն է. (1) ձևավորել բնակչության և ընտանիքի պլանավորման կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները. (2) թե´ զարգացած, թե´ զարգացող երկրներում խթանել իրազեկությունը բնակչության հիմնախնդիրների և այդ հիմնախնդիրներով զբաղվելու հնարավոր ռազմավարությունների վերաբերյալ. (3) աջակցել բնակչության հիմնախնդիրների լուծմանն այնպիսի եղանակներով և միջոցներով, որոնք լավագույնս են համապատասխանում տվյալ երկրի կարիքներին. (4) Միավորված ազգերի կազմակերպության համակարգում առաջատար դեր ստանձնել բնակչությանն առնչվող ծրագրերի խթանման հարցում և համակարգել Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

Ո՞վ է ֆինանսավորում և ղեկավարում ՄԱԲՀ-ն

ՄԱԲՀ-ն ամբողջապես ֆինանսավորվում է դոնոր կառավարությունների, միջկառավարական կազմակերպությունների, մասնավոր հատվածը ներկայացնող խմբերի ու հիմնադրամների և անհատների կամավոր հատկացումներից: Այն չի ֆինանսավորվում ՄԱԿ-ի հիմնական բյուջեից:

ՄԱԲՀ-ն հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ մարմին: Վարչական, ֆինանսական և ծրագրային հարցերում այն հաշվետու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի/ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր խորհրդին, որում ներկայացված են ՄԱԿ-ի 36 անդամ երկրներ, իսկ ընդհանուր քաղաքականության ուղղության առումով ՄԱԲՀ-ին ուղղորդում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը (ECOSOC):

Վերոհիշյալ գործադիր խորհրդի 36 անդամ ունեցող կազմը հետևյալն է՝ 8 ներկայացուցիչ Աֆրիկայից, 7-ը՝ Ասիայից և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, 4 ներկայացուցիչ Արևելյան Եվրոպայից, 5-ը՝ Լատինական Ամերիկայից և Կարիբյան ծոցի երկրներից և 12-ը՝ Արևմտյան Եվրոպայից և այլ զարգացած երկրներից:

Ի՞նչ է «Բնակչության համաշխարհային օրը»

Բնակչության համաշխարհային օրը, որի նպատակն է ուշադրություն գրավել բնակչության հիմնախնդիրների հրատապությանը և կարևորությանը, սահմանվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարող խորհրդի կողմից, 1989 թ.-ին: Նման օր նշելու որոշումը պայմանավորված էր աշխարհի բնակչության հինգ միլիարդ «Հինգ միլիարդի օրվա» առաջացրած հետաքրքրությամբ, որը նշվել էր 1987 հուլիսի 11-ին:
 
Յուրաքանչյուր տարի, հուլիսի 11-ին, բազմաթիվ երկրներում ՄԱԲՀ գրասենյակները և այլ միջազգային կազմակերպություններ նշում են այդ օրը մի շարք միջոցառումներով՝ փորձելով ուշադրություն հրավիրել բնակչության հիմնախնդիրներին: Բնակչության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԲՀ-ն հրապարակում է պաստառներ և այլ տեղեկատվական նյութեր: