Ծնելիություն

Աշխարհում

Ներկայում աշխարհում ծնելիության մակարդակն էապես տարբերվում է երկրից երկիր: Այսօր աշխարհի բնակչության 42 տոկոսը բնակվում է ցածր ծնելիությամբ երկրներում՝ այսինքն, այնպիսի երկրներում, որտեղ կանայք բավարար թվով երեխաներ չեն ունենում, որ յուրաքանչյուր կնոջ փոխարինի միջինը մեկ դուստր, ով հաջողությամբ հասնում է վերատրադրողական տարիքի: Բնակչության մյուս 40 տոկոսը բնակվում է միջին ծնելիությամբ երկրներում, որտեղ մեկ կինն ունենում է միջինը 1-1.5 դուստր, իսկ մնացյալ 18 տոկոսը՝ բարձր ծնելիությամբ երկրներում, որտեղ մեկ կինը միջինը ունենում է ավելի քան 1.5 դուստր:

Բարձր ծնելիությամբ երկրները հիմնականում կենտրոնացած են Աֆրիկայում: Նման երկրներ կան նաև Ասիայում, Օվկեանիայում և Լատինական Ամերիկայում: Ցածր ծնելիությամբ երկրները հիմնականում ներառում են գրեթե բոլոր եվրոպական երկրները, ինչպես նաև ասիական ու ամերիկյան մայրցամաքների երկրների մի մասը: Աֆրիկայում և Օվկեանիայում ցածր ծնելիությամբ երկրները շատ փոքրաթիվ են:


Հայաստանում

Հայաստանը ներկայում դասվում է ցածր ծնելիությամբ երկրների շարքին: Այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ մեկ կինն ունենա առնվազն 2.1 երեխա, Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի տվյալների այդ ցուցանիշը 2010 թ.-ին կազմել է մոտ 1.74 (ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 1.4, ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թ. հետազոտության՝ 1.7):


Պտղաբերության (ծնելիության գումարային գործակցի) ցուցանիշը Հայաստանում և մի շարք այլ երկրներում, 2010 թ.

Երկիր Ցուցանիշ
  Հայաստան 1.74
  Վրաստան 1.58
  Ադրբեջան 2.16
  Թուրքիա 2.15
  Ռուսաստան 1.4

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժին, Աշխարհի բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայված հրատարակություն


ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության արդյունքների վերլուծություն, 2009

Անպտուղ ամուսնության տարածվածության և պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն, 2009