Միգրացիա

Հայաստանում

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանից գումարային զուտ միգրացիան (իմիգրանտների թվից հանած էմիգրանտների թիվը) կազմել է ավելի քան 1 միլիոն մարդ:

ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության կազմում` 2011 թ.-ին ՀՀ քաղաքացիների մեկնումները գերազանցել են ժամանումներին շուրջ 49.1 հազարով:

Զուտ միգրացիան Հայաստանում և մի շարք այլ երկրներում (հազարներ), 1950-2010 թթ.

50 Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժին, Աշխարհի բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայված հրատարակություն, Միգրացիա


ՀՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտություն, 2007


Աշխարհում

Դեռևս 2005 թ.-ին, մոտ 191 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության 3 տոկոսը, ապրում էր իր հայրենիքից դուրս: Իր ծավալի և բաղադրյալ բնույթի պատճառով, միջազգային միգրացիան կարևոր ուժ է դարձել զարգացման տեսանկյունից և առաջնահերթ խնդիր՝ թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրների համար: Միգրանտների ընդհանուր թվի գրեթե կեսը կանայք են, որոնց մեծամասնությունը՝ վերարտադրողական տարիքի:

Երկրների ներսում ընթացող ներքին միգրացիան նույնպես աճում է. մարդիկ տեղափոխվում են՝ արձագանքելով ռեսուրսների, ծառայությունների ու հնարավորությունների անհավասարությանը կամ փախուստ տալով բռնությունից կամ բնական աղետներից: Գյուղական վայրերից քաղաքային վայրեր բնակչության շարժը մոլորակով մեկ հանգեցրել է քաղաքների պայթյունանման աճի:

Միգրանտների համեմատաբար փոքր հատվածը՝ մոտ 9.2 միլիոն մարդ (2005), կազմում են փախստականները, ովքեր փախչում են զինված հակամարտություններից, բնական աղետներից, սովից կամ հետապնդումներից: Այդուհանդերձ, ճգնաժամերը կարող են կարճ ժամանակահատվածում հսկայական թվով մարդկանց տեղահան անել. օրինակ՝ լիբանանյան ճգնաժամի միայն առաջին երեք շաբաթների ընթացքում 700,000-ից 800,000 մարդ հեռացավ իր բնակավայրից, մեծ մասը՝ դեպի Լիբանանի այլ վայրեր: Ճգնաժամերի ընթացքում ՄԱԲՀ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների հատուկ, հաճախ անտեսված կարիքներին:

Աշխատանքի փնտրտուքներում 

Միգրանտների մեծ մասը հատում է սահմանները՝ ավելի լավ տնտեսական եւ սոցիալական հնարավորությունների փնտրտուքներում: Տնտեսական միգրանտները աշխարհում միգրանտների ամենաարագ աճող խումբն են:

Գլոբալիզացիան մեծացրել է աշխատուժի շարժունությունը, իսկ շատ զարգացած երկրներում պտղաբերության եւ աշխատանքային տարիքի բնակչության նվազումը հանգեցրել է դրսից աշխատողների նկատմամբ աճող պահանջարկի՝ պահպանելու համար ազգային տնտեսությունները: Ի հայտ են եկել միգրացիոն նոր միտումներ, և շատ երկրներ՝ օրինակ, Արգենտինան, Իռլանդիան եւ Հարավային Կորեան, որոնք մի ժամանակ միգրանտներ էին ուղարկում արտասահման, այժմ նաև միգրանտների ներհոսք ունեն:

Համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատումների, ամեն տարի 2,5-ից 4 մլն մարդ արտագաղթում է առանց համապատասխան թույլտվության: Ապօրինի միգրանտներին հաճախ վտանգավոր ճամփորդություն է սպասվում, նրանք ենթարկվում են շահագործման ու ընկնում են քրեական ցանցերի ձեռքը, հանդիպում են դժվարին աշխատանքային եւ կենցաղային պայմանների և անհանդուրժողականության, երբ ոտք են դնում օտար հող: Խոցելի կարգավիճակի պատճառով նրանք հաճախ վախենում են  օգնություն փնտրել, երբ իրենց իրավունքները ոտնահարվում են:

Միգրացիան և կանայք

Վերջին կես դարում միգրացիոն օրինաչափություններում առավել էական փոփոխություններից մեկն այն է, որ ավելի շատ կանայք են արտագաղթում, քան երբեւէ նախկինում: Կանայք ներկայում կազմում են միջազգային միգրանտ բնակչության կեսը, իսկ որոշ երկրներում՝ մինիչև 70-80 տոկոս: Քանի որ կին միգրանտները հաճախ հայտնվում են ցածր կարգավիճակով, ցածր աշխատավարձով արտադրության և սպասարկման աշխատատեղերում ու հիմնականում աշխատում են տնտեսության գենդերային առումով խտրական եւ չկարգավորվող հատվածներում, ինչպիսին է տնային աշխատանքը, նրանք ենթարկվում են շահագործման և բռնության շատ ավելի մեծ ռիսկի: 

Կին միգրանտները հատկապես խոցելի են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի առումով, ինչը միլիոնավոր դոլարների շահույթ բերող բիզնես է: Թրաֆիքինգի ենթարկված կանայք հաճախ ենթարկվում են սեռական բռնության և ձեռք են բերում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, այդ թվում` ՄԻԱՎ, միևնույն ժամանակ բժշկական կամ իրավաբանական ծառայություններից օգտվելու չնչին հնարավորություն ունենալով:

Միգրացիան և զարգացումը

Միգրացիան ավելի ու ավելի շատ է ընկալվում որպես ուժ, որը կարող է նպաստել զարգացմանը, և որպես գլոբալ զարգացման գործընթացի ինտեգրված կողմ: Միգրացիոն նկատառումները ներառվում են աղքատության հաղթահարման ռազմավարություններում և քաղաքականություններում ու իրենց ազդեցությունը կունենան Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու առումով: