Գլխավոր քարտուղարի ուղերձը Աղջիկ երեխայի միջազգային օրվա առթիվ

Գլխավոր քարտուղարի ուղերձը Աղջիկ երեխայի միջազգային օրվա առթիվ

Գլխավոր քարտուղարի ուղերձը

Աղջիկ երեխայի միջազգային օրվա առթիվ

Հոկտեմբերի 11, 2016 թ.

Աղջիկ երեխայի միջազգային օրվա այս տարվա թեման հիմնված է Կայուն զարգացման 17 նպատակների վրա: Կարգախոսն է՝ «Աղջիկների առաջընթաց՝ նշանակում է Նպատակների առաջընթաց»:

«Կայուն զարգացման օրակարգ - 2030» փաստաթղթի իրականացման հարցում առանցքային է աշխարհի 1,1 միլիարդ աղջիկների բարեկեցությունը, իրավունքների պաշտպանությունն ու զորացումն ապահովելը: Համաձայնության գալով այս օրակարգի շուրջ՝ մենք խոստացանք աղջիկներին ապահովել որակյալ կրթությամբ և առողջապահական ծառայություններով:

Մենք հանձն առանք վերջ տալ աղջիկների նկատմամբ խտրականությանն ու բռնություններին և այնպիսի վնասակար  իրողություններին, ինչպիսին է, օրինակ, մանկահասակ աղջիկների ամուսնությունը: Մենք պարտավորվեցինք ոչ մեկի չանտեսել:

Շատ հաճախ գյուղերում, չքավոր ավաններում և փախստականների ճամբարներում հենց աղջիկներն են անտեսվում՝ զուրկ լինելով սննդարար ուտելիքից, առողջապահական ծառայություններից, որակյալ կրթությունից և ենթարկվելով սեռական բռնության վտանգին:

Աղջիկների առաջընթացի գործում ներդրումը և՛ ճիշտ է, և՛ խելամիտ: Այն շղթայական ազդեցություն է ունենում զարգացման բոլոր ոլորտներում՝ ընդգրկելով նաև ապագա սերունդները:

Բայց այն, ինչ հնարավոր չէ չափել, չես կարող կառավարել։ Եթե չհավաքագրենք մեզ անհրաժեշտ տվյալները, երբեք չենք իմանա՝ արդյո՞ք հաջողվում է իրականացնել մեր խոստումները:

Հարկ է ապահովել, որ մեր նախաձեռնությունները հասնեն բոլոր աղջիկներին. ծայրահեղ աղքատության մեջ ապրող աղջիկներին, մեկուսացած գյուղական վայրերում ապրող աղջիկներին, հատուկ կարիքներով աղջիկներին, տեղաբնիկ համայնքներում ապրող աղջիկներին, ինչպես նաև փախստական կամ սեփական երկրում տեղահանված աղջիկներին:

Ժամանակին ստացված բարձրորակ տվյալները վճռորոշ նշանակություն ունեն՝ ցույց տալու, թե որտեղ ենք իրագործում մեր խոստումները, իսկ որտեղ՝ հետ մնում:

 

Եկե՛ք բոլորս ջանք թափենք՝ ապահովելու, որ ներառված լինեն բոլոր աղջիկները, որովհետեև բոլոր աղջիկները կարևոր են: