Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ/ՄԻԱՎ/ՁԻԱՀ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Համաճարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ ՁԻԱՀ-ի համաճարակը սկսել է փոխել իր ընթացքը՝ ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի և ՁԻԱՀ-ից մահերի թիվը սկսել է նվազել: Համաճարակից ամենածանրը տուժած երկրներից շատերում երիտասարդ մարդկանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը կտրուկ պակասել են: Այդ գործոնները նպաստում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թվի կայունացմանը և ՁԻԱՀ-ից զերծ սերնդի հնարավորությանը:

59 Այդուհանդերձ, ՁԻԱՀ-ը շարունակում է համաշխարհային աղետ մնալ՝ պատասխանատու լինելով ողջ աշխարհում ավելի քան 20 միլիոն մահերի, տասնյակ միլիոնավոր որբացած մանուկների և ՄԻԱՎ-ով ապրող մոտ 33 միլիոն մարդկանց համար: Այն շարունակում է մնալ աշխարհում մահվան խոշորագույն պատճառներից մեկը, իսկ Աֆրիկայում՝ թիվ մեկ պատճառը:

Որպես ՄԱՁԻԱՀ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի տասը համաֆինանսավորողներից մեկը, ՄԱԲՀ-ն աշխատում է ՄԻԱՎ-ի կանխարգելման ջանքերի ինտենսիվացման և ընդլայնման ուղղությամբ՝ օգտագործելով մարդու իրավունքների վրա հիմնված և ապացուցողական հենքի վրա կառուցված ռազմավարություններ: ՄԱՁԻԱՀ-ի կազմում ՄԱԲՀ-ն առաջատար դեր ունի պահպանակների տարածման ծրագրերի իրականացման և երիտասարդ մարդկանց ու կանանց շրջանում կանխարգելիչ աշխատանքների առումով: ՄԱԲՀ-ն նաև հանձնառու է ՄԻԱՎ-ով ապրողների մարդու իրավունքների առումով և աշխատում է նրանց հատուկ կարիքներին համապատասխան սեռական ու վերարտադրողական առողջապահական ծառայություններից նրանց օգտվելու հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: 


Հայաստանում

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 2011 թ. մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1058 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների երկու երրորդից ավելին (71,4%) արական սեռի են, կեսից ավելին (57,7%)` 25-39 տարեկան են: Երեխաների մոտ արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%): ՄԻԱՎ վարակով հիվանդներից 518-ի մոտ (կին` 120, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ՝ 2010 թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 248 դեպք: Մահացածների թվում կան 42 կին և 5 երեխա: